Քաղբանտարկյալների պաշտպանության գործում այսօր իրավապաշտպանները միասնություն չեն ցուցաբերում: Դեկտեմբերի 9-ին «Մարդու իրավունքները Հայաստանում. քաղբանտարկյալների հիմնահարցերը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը: Վերջինիս համոզմամբ, Հայաստանի իրավապաշտպանական դաշտի պառակտման պատճառը 2008 թվականի նախագահական ընտրություններն են եղել:
Հարությունյանը պատմեց, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո շատ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ զանգել եւ օգնություն են առաջարկել քաղբանտարկյալների պաշտպանության հարցում, սակայն արդեն ամսվա վերջին այդ զանգերը դադարել են:
Հարությունյանի տվյալներով՝ Հայաստանում այսօր կա 15 քաղբանտարկյալ: Նրանց գերակշիռ մասը ընդդիմության ներկայացուցիչներ են, որոնք մարտի 1-2-ի իրադարձություններից հետո ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների համար: Իրավապաշտպանը նաեւ չի բացառում, որ իշխանությունները բանտերում քաղբանտարկյալներին ճնշելու համար օգտագործում են քրեական հեղինակություններին:
Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո տեղի ունեցած ոստիկանության եւ խաղաղ ցուցարարների բախումների ժամանակ զոհվեցին 10 հոգի: Սպանությունների համար որեւէ մեկն առ այսօր պատասխանատվություն չի կրել:




























