ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման նոր հնարավոր սցենարների վերաբերյալ։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։
«Այս ճեպազրույցը ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն դիտարկում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ կամ բանակցային գործընթացում ստեղծված փակուղուց դուրս գալու, կամ պատերազմի ավարտից առաջ վերջնական հարված հասցնելու համար»,- նշել է պորտալը։
Ինչպես նշել են Axios-ի աղբյուրները, Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ հարվածների «կարճ և հզոր» ալիքի ծրագիր՝ հույս ունենալով հաղթահարել երկխոսության փակուղին։ Պորտալի տվյալներով՝ մի շարք հարձակումներից հետո ԱՄՆ-ը մտադիր է ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա, որպեսզի այն «վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և ավելի մեծ ճկունություն ցուցաբերի»։
Ռազմական գործողությունների վերսկսման մեկ այլ սցենար, որը կներկայացվի նախագահին, նախատեսում է «Օրմուզի նեղուցի մի մասի գրավում»՝ այդ ջրային ուղին առևտրային նավագնացության համար բացելու նպատակով։ «Նման գործողությունը կարող է ներառել ցամաքային ուժերի ներգրավում»,- ընդգծել է Axios-ը։ Եվս մեկ տարբերակ ենթադրում է հատուկ նշանակության ուժերի ներգրավում՝ իսլամական հանրապետության բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարները վերահսկողության տակ վերցնելու համար։
Ինչպես հայտնել են պորտալի զրուցակիցները, նախագահի համար նախատեսված ճեպազրույցին ներկա կլինի նաև ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։



























