Իսրայելական բանակը Կրետեի մոտակայքում սկսել է կանգնեցնել դեպի Գազա ուղևորվող «Սումուդ» նավախմբի նավերը։ Այս մասին տեղեկացնում է Ynet լրատվականը։

«Գործողությունը շարունակվում է, արտակարգ պատահարներ կամ բռնության դեպքեր չեն արձանագրվել», - պորտալը մեջբերում է իսրայելական աղբյուրի խոսքերը։ Ըստ ստացված տվյալների՝ նավերը կանգնեցվում են Իսրայելի ափերից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ Կրետեի արևմտյան մասում։ Գործողությունն իրականացվում է Գազայի ափից շուրջ հազար կիլոմետր հեռավորության վրա, քանի որ նավախումբը բավականին մեծ է։ Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ այն բաղկացած է մոտ հարյուր նավից, որոնցում կա շուրջ հազար ակտիվիստ։

Ապրիլի 29-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կարգադրել է պատժամիջոցներ սահմանել «Սումուդ» գլոբալ նավատորմ․ երկրորդ առաքելություն» (Global Sumud Flotilla - The Second Mission) նախաձեռնության համար դրամահավաք կազմակերպողների դեմ։ Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նավատորմի նավերը դուրս են եկել տարբեր երկրների նավահանգիստներից (այդ թվում՝ Իսպանիայից, Իտալիայից և Թուրքիայից)։ «Ակցիան կազմակերպվել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ և հումանիտար օգնության նավատորմի անվան տակ»,- ասվում է հրեական պետության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Իսրայելական օրենսդրության համաձայն՝ պաշտպանության նախարարն իրավունք ունի հրամաններ տալ «ահաբեկչական կազմակերպությանը պատկանող գույքի կամ ահաբեկչական նպատակներով օգտագործման համար նախատեսված գույքի առգրավման» վերաբերյալ, նշում է The Times of Israel թերթը։