Թուրքիայի արտգործնախարարությունը «ծովահենություն» և «նավագնացության ազատության սկզբունքի խախտում» է որակել «Գլոբալ Սումուդ ֆլոտիլիա. Երկրորդ առաքելություն» (Global Sumud Flotilla - The Second Mission) խմբի նկատմամբ Իսրայելի գործողությունները։ Նավը մարդասիրական օգնություն է տեղափոխել դեպի Գազայի հատված։
Գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Միջազգային ջրերում մարդասիրական օգնություն տեղափոխող «Գլոբալ Սումուդ» ֆլոտիլիայի վրա Իսրայելի հարձակումը ծովահենության դրսևորում է։ Թիրախավորելով այս նավախումբը, որի նպատակն էր աշխարհի ուշադրությունը հրավիրել Գազայում տիրող հումանիտար աղետի վրա, Իսրայելը ոտնահարել է թե՛ մարդկային արժեքները, թե՛ միջազգային իրավունքի նորմերը։ Այս ագրեսիան նաև բացահայտ ոտնձգություն է միջազգային ջրերում իրականացվող նավագնացության ազատության սկզբունքի դեմ»։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է արել «միասնական դիրքորոշում որդեգրել Իսրայելի այս ապօրինի գործողության դեմ»։ Նախարարությունը նաև հավելել է, որ այլ երկրների հետ համատեղ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ նավերում գտնվող Թուրքիայի և մյուս պետությունների քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Այս թեմային անդրադարձել է նաև ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին՝ հայտնելով, որ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի իր գործընկերոջ՝ Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ «Զրույցի ընթացքում շեշտվել է, որ Կրետե կղզու ափերից ոչ հեռու՝ բաց ծովում, իսրայելական ուժերի անօրինական միջամտությունը վտանգել է տարբեր ազգությունների բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքը և խախտել միջազգային իրավունքը։ Կողմերն ընդգծել են, որ միջազգային հանրությունը պետք է միասնական պատասխան տա այս ապօրինության դեմ», — X-ի իր էջում գրել է դիվանագետը։



























