Գերմանացի 23-ամյա բլոգեր Թոմ Կոպկեն, որն առավել հայտնի է Tooleko կեղծանունով, համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Հարավաֆրիկյան Մոսել բեյ ծոցի երկնքում պարաշյուտով թռչելիս նա ընդամենը 23,3 վայրկյանում հավաքել է Ռուբիկի խորանարդը։

«Առաջին անգամ Ռուբիկի խորանարդ հավաքել եմ 18 տարեկանում և այն ժամանակ շատ էի մարզվում։ Նույնիսկ մի տեսանյութ էի նկարել՝ փորձելով խորանարդի հետ կապված խենթ հնարքներ անել, որտեղ էլ ասել էի, որ մի օր այն կհավաքեմ հենց թռիչքի ժամանակ»,- Կոպկեի խոսքերն է մեջբերում UPI լրատվական գործակալությունը։

Ռեկորդակիրը նշել է, որ միշտ երազել է պարաշյուտով թռչել սովորել, իսկ այժմ, հաջողության հասնելուց հետո, այս թեմայով նոր «խենթ տեսանյութեր» նկարելու գաղափարներ ունի։ Նա հավելել է նաև, որ բավականին մեծ ոգևորությամբ է սկսել այս ուղևորությունը, որի շրջանակում էլ հենց գրանցել է անգերազանցելի արդյունքը։