Իրանի շուրջ ստեղծված հակամարտության պատճառով 160 երկրներում ավելի քան 30 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատոր Ալեքսանդր Դե Կրոոն։
«Մենք հետազոտություն ենք անցկացրել պատերազմի վեց շաբաթների արդյունքներով, և, մեր գնահատականներով, նույնիսկ եթե պատերազմը հենց հիմա ավարտվի, 160 երկրներում 32 միլիոն մարդ կհայտնվի աղքատության մեջ»,- ասել է նա։ ՄԱԶԾ-ի տվյալներով՝ Իրանի շուրջ հակամարտության և դրանով պայմանավորված էներգետիկ ճգնաժամի ֆոնին աղքատության խնդիրն առավել սուր կզգացվի Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում, ինչպես նաև ասիական որոշ պետություններում (օրինակ՝ Բանգլադեշում և Կամբոջայում)։
Կանխատեսվում է, որ աղետալի աղքատությունից խուսափելու համար անհրաժեշտ կլինի շուրջ 6 միլիարդ դոլարի սուբսիդավորում, որոնք պետք է ներդրվեն էներգետիկ և պարենային ծախսերը հոգալու համար։





























