Երեւանի քաղաքապետարանն անդադարձել է դեկտեմբերի 9-ին Երեւանի Բյուզանդի 83 հասցեում արդարադատության նախարարության ԴԱՀԿ աշխատակիցների կողմից բնակիչների նկատմամբ գործադրած բռնություններին եւ տնից վռնդելուն:

Երեւանի քաղաքապետարանը, մասնավորապես հայտնել է, որ «Համաձայն ՀՀ Կառավարության 25.01.2007 թ. N 108-Ն որոշման Երեւան քաղաքի Փ. Բուզանդի 83 հասցեի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ տարածքի ձեռքբերող է ճանաչվել Ա/Ձ Հայկ Բեգլարյանը (»Ֆլեշ" ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդին-խմբ)", իսկ նշյալ հասցեում բնակվող Արմեն, Արսեն, Կիմա Աբրահամյաններին եւ Վիոլետա Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 65.69 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը եւ 78 քմ մակերեսով հողամասը անկախ լիցենզավորված գնահատող կազմակերպության կողմից գնահատվել էր 36 մլն ՀՀ դրամ:

Բնակիչները հրաժարվել են ընդունել եւ ստորագրել պայմանագիրը, եւ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը ստիպված է եղել դատարան ներկայացնել հայցադիմումներ՝ Փ. Բուզանդի 83 հասցեի բնակիչներին պատկանող անշարժ գույքը փոխհատուցմամբ օտարված համարելու եւ բնակիչներին տարածքից վտարելու պահանջներով: Բնականաբար դատարանը բավարարել է այդ հայցը, իսկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարուցել է կատարողական վարույթ:

Նշենք, որ քաղաքապետարանն իր հաղորդագրության մեջ նշել է, թե ինչ բնակարաններ է առաջարկել Բյուզանդի 83 հասցեի երեք ընտանիքներին: Այդ բնակարանների անգամ մակերեսային ուսումնասիրությունը քմծիծաղի տեղիք է տալիս: Այսպես, երկար տարիներ Երեւանի կենտրոնում բնակվող Վիոլետա Սահակյանին 20-30 քառ.մ մակերեսներով բնակարան են առաջարկել Ավանի, Նոր Նորքի եւ Շենգավիթի հանրակացարաններում կամ այլ, ոչ պակաս ծանր վիճակում գտնվող շենքերում, իսկ Արսեն եւ Նաիրա Աբրահամյաններին՝ բնակարաններ բացառապես Երեւանի ամենահեռու արվարձաններից մեկում՝ 16-րդ թաղամասում, այն էլ 16-հարկանի շենքի 11-ից 16-րդ հարկերում:

Քաղաքապետարանը նաեւ նշել է, թե բնակարանների գումարները փոխանցվել են դատարանի դեպոզիտ հաշվին, որը ցանկացած պահի նշված հասցեի բնակիչները կարող են ստանալ:

Մի հարց, սակայն, այդպես էլ բաց է մնում, ո՞վ է Բարսեղ Բեգլարյանի որդուն բացառիկ հանրային շահի շահառու ճանաչել եւ երկար տարիներ քաղաքի կենտրոնում ապրած ու տունուտեղ դրած մարդկանց օջախը նվիրել նրան: