ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են ընթանում Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի մասնակցությամբ։ Լսումների մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Իր ներածական խոսքում ԱՄՆ պաշտպանության նախարարը քննադատել է «անխոհեմ թերահավատներին»։
«Ինչպես ասացի նախօրեին և կկրկնեմ այսօր. ամենամեծ հակառակորդը, որի հետ մենք բախվում ենք այս պահին, Կոնգրեսի դեմոկրատների և որոշ հանրապետականների անխոհեմ թերահավատներն ու պարտվողական հայտարարություններն են»,- ասել է նա՝ դիմելով Սենատի հանձնաժողովին։
Պաշտպանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բյուջետային հայտը՝ Հեգսեթն ասել է, որ նախագահը «ժառանգել է մի ռազմարդյունաբերական բազա, որը քայքայվել էր Ամերիկայի անցյալ տարիներին որդեգրված քաղաքականության հետևանքով, ինչը հանգեցրել էր ուժ ցուցադրելու կարողության անկմանը»։
Իր հերթին, գեներալ Դեն Քեյնը նշել է, որ իբրև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ՝ իր պարտականությունն է «ապահովել, որ մեր քաղաքացիական ղեկավարությունը տիրապետի ռազմական հնարավորությունների լայն շրջանակին և դրանց առնչվող ռիսկերի մասին տեղեկություններին, որոնք անհրաժեշտ են երկրի համար ամենաբարդ որոշումներն ընդունելու համար»։





























