Մեքսիկան խոստացել է անկախ հետաքննություն անցկացնել 10 գործող և նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել «Սինալոա» կարտելին առնչվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զենքի պահման համար, հայտնում է Associated Press-ը:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հինգշաբթի հայտարարել է, որ օտարերկրյա կառավարություններին թույլ չի տա միջամտել իր երկրի գործերին սեփական քաղաքական նպատակներով: Չորեքշաբթի Նյու Յորքում մեղադրական եզրակացություն էր կայացվել մի շարք գործող պաշտոնյաների, նրանց թվում՝ Շեյնբաումի առաջադիմական «Մորենա» կուսակցության անդամների նկատմամբ:
Այդ իրադարձությունը քաղաքական փոթորիկ է առաջացրել Մեքսիկայում:
Երկրի կառավարությունը հայտարարել է, որ ծանոթացել է 10 քաղաքացիների արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցմանը, սակայն հավելել է, որ հարցման մեջ ձերբակալության համար բավարար ապացույցներ չեն ներկայացվել:
Ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որի անունը շոշափվում է, Սինալոա նահանգի նահանգապետ Ռուբեն Ռոչա Մոյան է. վերջինս կուսակցության կարկառուն ներկայացուցիչ է և Շեյնբաումի նախորդի ու հովանավորի՝ նախկին նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի մտերիմ դաշնակիցը:
Շեյնբաումը հինգշաբթի հայտարարել է, որ մեքսիկացի դատախազները կհետաքննեն այդ գործերը և կհավաքեն սեփական տեղեկությունները, որպեսզի «...որոշեն՝ արդյոք կան ապացույցներ, որ ԱՄՆ իշխանությունների ներկայացրած մեղադրանքներն ունեն օրինական հիմք՝ ձերբակալության հրամանագրեր պահանջելու համար»:





























