Թուրքական դատարանը ուժի մեջ է թողել քրդամետ DEM կուսակցության անդամ, Հաքյարի քաղաքի նախկին համաքաղաքապետ Մեհմեդ Սըդդըք Աքըշի դատավճիռը՝ 19 տարի և 6 ամիս ազատազրկման ժամկետով։ Նա մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու» մեջ. հայտնում է Haber Turk-ը։
Դատարանը նաև որոշել է անփոփոխ թողնել նրա խափանման միջոցը՝ կալանքը։
Ավելի վաղ՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ին, Հաքյարիի ծանր հանցագործությունների առաջին դատարանն արդեն ընդունել էր նմանատիպ դատավճիռ։ Սակայն փաստաբանների բողոքարկումից հետո Վանի վերաքննիչ դատարանի երկրորդ քրեական դեպարտամենտը չեղարկել էր որոշումը՝ մատնանշելով դատավարական խախտումները։ Մասնավորապես, վերաքննիչ ատյանը համարել էր, որ դատաքննությունն իրականացվել է ոչ պատշաճ կերպով, պաշտպանության իրավունքը սահմանափակվել է, իսկ քաղաքական կուսակցության շրջանակներում գործունեությունը սխալմամբ մեկնաբանվել է որպես ահաբեկչական կազմակերպության գործունեություն։
Դատավճռի չեղարկումից հետո գործը վերադարձվել էր առաջին ատյանի դատարան և վերանայվել։ Ապրիլի 29-ի նիստին կալանավորված Աքըշը մասնակցել է բանտից՝ տեսակապի միջոցով։ Դատարանի դահլիճում ներկա են եղել DEM կուսակցության պատգամավոր Վեզիր Ջոշկուն Պարլակը, կուսակցության տարածաշրջանային ղեկավարության ներկայացուցիչներ, Աքըշի հարազատներն ու փաստաբանները։
Իր ելույթում Աքըշը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ գաղտնի վկաների ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա՝ վկաները, որոնք նախկինում ցուցմունք են տվել իր դեմ, հետագայում հրաժարվել են իրենց խոսքերից։ Աքըշը նաև ընդգծել է, որ գործը համարում է քաղաքականապես մոտիվացված։
Բացի դրանից, դատարանը դատավճիռներ է ընդունել նաև գործով անցնող այլ անձանց նկատմամբ. 6 մեղադրյալ, որոնք չհեռանալու մասին ստորագրություն էին տվել, դատապարտվել են 8 տարի և 9 ամիս ազատազրկման։ 3 այլ մեղադրյալ դատապարտվել է 6 տարի և 3 ամիս ազատազրկման։





























