ԵՄ-ում շներն ու կատուները պետք է նույնականացվեն միկրոչիպերի միջոցով: Եվրախորհրդարանն ընդունել է համապատասխան օրենքը՝ նպատակ ունենալով սահմանափակել կենդանիների անօրինական առևտուրը և բարելավել նրանց պաշտպանությունը, հայտնում է Bild-ը:
ԵՄ երկրներում պաշտոնական հաստատումից հետո օրենքը կմտնի ուժի մեջ, և կսկսվի անցումային շրջանը: Մասնավոր սեփականատերերի շների համար չիպավորման պարտավորությունը կառաջանա կանոնների ներդրումից տասը տարի անց, կատուների համար՝ 15 տարի անց: Այս երկար ժամկետները վերաբերում են արդեն ձեռք բերված ընտանի կենդանիներին: Վաճառողներին և բուծողներին կպարտադրեն չիպավորել շներին և կատուներին արդեն չորս տարի անց. այդ պահից սկսած հնարավոր կլինի վաճառել միայն չիպավորված կենդանիներ: Բացառություն են կազմում գյուղական կատուները:
Սահմանված կարգի վերջնական ուժի մեջ մտնելուց հետո բոլոր ընտանի կենդանիները կգրանցվեն ազգային տվյալների բազաներում: Երկրները տեղեկություններ կփոխանակեն, ինչն ավելի կհեշտացնի կենդանու տիրոջը պարզելը: Եթե շունը կորչի արձակուրդի ժամանակ, արտերկրի կացարանը կկարողանա այն ավելի արագ վերադարձնել տիրոջը: Անօրինական առևտուրը կդժվարանա. ավելի բարդ կլինի վերավաճառել այն կենդանիներին, որոնք պահվում են ապօրինի կամ ներմուծվել են ԵՄ խախտումներով:
Վաճառողներն ու բուծողները պարտավոր կլինեն կենդանիներին պահել նրանց կարիքներին համապատասխան. դա այժմ ամրագրված է իրավաբանորեն: Արգելվելու է բուծել «էքստրեմալ հատկանիշներով» կենդանիներ, որոնց պատճառով առաջանում է նրանց տառապանքի «բարձր ռիսկ» (օրինակ՝ շատ տափակ դեմքով շները հաճախ տառապում են շնչառական խնդիրներից): Այդ հասկացությունների հստակ սահմանումները հատուկ հանձնաժողովը փորձագետների հետ համատեղ կմշակի մինչև 2030 թվականի հուլիսը:





























