«Սոֆիթել» նյույորքյան հյուրանոցում սկանդալը, որը վերջ դրեց ԱՄՀ-ի նախագահ Դոմինիկ Սթրոս Կաննի քաղաքական գործունեությանը, սարքված էր եղել նրա քաղաքական հակառակորդ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: Այդ մասին հայտնել է անձամբ Սթրոս Կաննը «Գվարդիան» թերթին տված հարցազրույցում:

Սթրոս Կաննը մասնավորապես հայտարարել է, որ եթե սկանդալը չլիներ, նա կդառնար  Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու: Այն ժամանակ հասարակական կարծիքի հարցումները ցույց էին տվել, որ նրա վարկանիշը 20%-ով բարձր է եղել Սարկոզի վարկանիշից, եւ նա շատ բարձր հնարավորություններ է ունեցել հաջող նախագահական  քարոզարշավի համար, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»:

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը կասկածում է, որ իր հանդիպումը «Սոֆիթել» հյուրանոցի սպասուհի Նաֆիսաթու Դիալոյի հետ հենց սկզբից սարքած է եղել իր թշնամիների կողմից, սակայն Դ. Սթրոս Կաննը կարծում է, որ իր քաղաքական  հակառակորդները գաղտնալսել են հեռախոսային խոսակցությունները եւ սպասուհուն հրահրել են դիմել ոստիկանության` այդպիսով անձնական հանդիպումը վերածելով ուռճեցված հասարակական սկանդալի: Դ. Սթրոս Կաննը պնդում է, որ Ն. Դիալոյի հետ սեռական կապը տեղի է ունեցել երկկողմ համաձայնությամբ, հայտնում է rbc-ն: