Ապրիլի 27-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել թիվ 13 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վիոլետա Պետրոսյանը եւ հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացիի փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելու ժամանակ իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ եւ գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Ապրիլի 27-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ հայտնել, որ ապրիլի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում, թիվ 7 ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդհատել են իր ելույթը, ինչով խոչընդոտել են ԱԺ պատգամավորության թեկնածուի իր լիազորությունների իրականացմանը:
Կատարվում է հետաքննություն:




























