Հյուսիսային Մակեդոնիան 2026 թվականի սկզբից կանոնավոր կերպով ադրբեջանական գազ է գնում, ընդ որում՝ այն երկու անգամ թանկ է ռուսաստանյանից։ Այս մասին ТАСС-ին տված իր առաջին հարցազրույցում հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայում ՌԴ նոր դեսպան Դմիտրի Զիկովը։

«2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, և մակեդոնական ESM պետական էներգետիկ ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ, ինչը նախատեսում է բնական գազի մատակարարումներ երկարաժամկետ հիմունքներով։ 2026 թվականի սկզբից ադրբեջանական գազը մակեդոնական շուկայում է մշտական հիմունքներով. այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում դրա մասնաբաժինը ֆիզիկական մատակարարումներում կազմել է 32%, Ռուսաստանինը՝ 28%։ Ընդ որում՝ ադրբեջանական գազը գնվում է գրեթե երկու անգամ ավելի թանկ գնով, քան ռուսաստանյանը»,- ասել է դեսպանը։

Նա հստակեցրել է, որ Ադրբեջանից գազը Հյուսիսային Մակեդոնիա է հասնում Տրանսանատոլիական և Տրանսադրիատիկ խողովակաշարերով (TANAP/TAP), այնուհետև՝ Հունաստանից Բուլղարիայի տարածքով դեպի մակեդոնական շուկա։