«Միացյալ Նահանգների նախագահը Իրանի նավերի ապօրինի զավթումը բացահայտորեն անվանել է «ծովահենություն»՝ լկտիաբար պարծենալով, թե «մենք գործում ենք ծովահենների պես»»։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Սա լեզվի սայթաքում չէր։ Սա միջազգային ծովային նավարկության դեմ նրանց գործողությունների հանցավոր բնույթի ուղղակի և մերկացնող խոստովանություն էր։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անդամ պետությունները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է վճռականորեն մերժեն միջազգային իրավունքի նման աղաղակող խախտումների նորմալացումը»,- նշել է Բաղային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը գործել են «ծովահենների պես»՝ Վաշինգտոնի կողմից Իրանի նավահանգիստների ռազմածովային շրջափակման ընթացքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ։

Թրամփն այս մասին ասել էր՝ նկարագրելով մի քանի օր առաջ ամերիկացի զինվորականների կողմից նավի զավթումը։

«Մենք զավթեցինք նավը, մենք զավթեցինք բեռը, մենք զավթեցինք նավթը։ Սա շատ շահավետ բիզնես է,- ասել է Թրամփը ուրբաթ երեկոյան իր ելույթում։- Մենք ծովահենների պես ենք։ Մենք ծովահենների պես ենք, բայց խաղեր չենք խաղում»։