Այս օրերին Եվրոպայում անցկացնում են աղբահավաքի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ, որոնց մասնակցում են 90-ից ավելի երկներներ։ Մասնավորապես, ապրիլի 28-29 եւ մայիսի 1-ին աղբահավաք տեղի կունենա Հունաստանում, Ուկրաինայում եւ Մալթայում։ Մեկ օրվա ընթացքում կամավորները հավաքելու են կենցաղային աղբը մայրացամաքի եւ ծովի վրա։ Աղբահավաքի այս միջոցառումները՝ Let’s Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի մի մասն են, որոնք մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից եւ շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 25-ը։

Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին եւ ավելի քան 25 հասարակական կազմակերպություն, դպրոց, լրատվամիջոց միավորող «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում, սեպտեմբերի 15-ին միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից:

Իսկ մինչ այդ, ապրիլի 28-ին, Ուկրաինայում կիրականացվի երկրորդ մեծ աղբահավաքը: Առաջինը տեղի է ունեցել 2011 թ-ի ապրիլի 16-ին, դրան մասնակցել են շուրջ 100 000 կամավորներ, որոնք հավաքել են հսկայական քանակության աղբ՝ ավելի քան 70 քաղաքներում:

Ապրիլի 29-ին, մեկ այլ մեծ աղբահավաք է մեկնարկում Հունաստանում, որը խեղդված է շինարարական աղբով: «Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխատել այն կանխարգելելու ուղղությամբ: Առաջին հերթին, մենք ցանկանում ենք պատմել մարդկանց խնդրի մասին, եւ այնուհետեւ առաջարկել լուծումներ կայուն զարգացմանը նպաստելու համար», - նշում է ծրագրի համակարգող՝ Հարի Վլասոպոուլոսը:

Մալթան իր նախաձեռնությունը կիրականացնի մայիսի 1-ին:

Համաշխարհային աղբահավաքի 2012թ. մյուս ակցիաները տեղի կունենան էստոնիայում մայիսի 5-ին, Բրազիլիայում (Սան Բերնարդո եւ Դիադեմա) եւ Մեքսիկայում (Տոլուկա) մայիսի 6-ին, իսկ մայիսի 10-ին՝ Կոնգոյում եւ Ֆինլանդիայում: Բազմաթիվ երկրներ դեռ սպասում են իրենց օրվան, որպեսզի մաքրեն իրենց երկիրը կուտակված կենցաղային աղբից:

Միացեք «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը: Մաքրենք Հայաստանը միասին: