«Օրինաց երկիր» կուսակությունը Երեւանում հյուրընկալել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխային: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ԵԺԿ փոխնախագահը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր զորակցությունն է հայտնել եվրոպական մեծ քաղաքական ընտանիքի անդամ ՕԵԿ կուսակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ օրենքի գերակայության հետ կապված հարցերի շուրջ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ “Օրինաց երկիրը” Հայաստանի ամենաակտիվ քաղաքական միավորներից է, որը պայքարում է Հայաստանում բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եւ սոցիալական արդարության հաստատման համար:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը աջակցում է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Մենք աջակցում ենք ձեզ, որովհետեւ դուք պայքարում եք մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման համար, մենք աջակցում ենք ձեզ, որովհետեւ դուք պայքարում եք Հայաստանում եվրոպական արժեքների տարածման համար: Այսօր` ընտրությունների նախաշեմին, ՕԵԿ-ի հաջողությունը կարեւոր է մեր քաղաքական ընտանիքի համար», - հայտարարել է ԵԺԿ փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան:




























