Հայաստանում տեղի է ունեցել Բելգիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։
Արարողությանը մասնակցել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։
Բելգիան Հայաստանում բացել է նոր դեսպանատան շենքը։ Այդ մասին մայիսի 4-ին Երևանում հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը։
«Խորը հպարտության զգացումով մենք այստեղ՝ մեր քաղաքակրթության օրրաններից մեկում, բացում ենք մեր դեսպանատունը։ Այս դեսպանատունը ավելին է, քան պարզապես Բելգիայի և Հայաստանի միջև անխախտ կապերի խորհրդանիշ։ Այն մեր հանձնառության արտահայտությունն է՝ խորացնելու մեր համագործակցությունը բիզնեսի, նորարարությունների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և գիտական փոխանակման ոլորտներում։
Հայաստանը կարևոր դեր է խաղում՝ որպես կայունության ապահովման գործընկեր և որպես տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հենասյուն։ Անորոշություններով լի աշխարհում նման գործընկերությունները, նման բարեկամությունը առաջնահերթ նշանակություն ունեն։ Եվ մենք գնահատում ենք դա։ Բելգիան հաստատապես աջակցում է Հայաստանին և կշարունակի աջակցել նրան։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր երկու երկրների միջև բարեկամությունը։ Դուք կարող եք հույս դնել մեզ վրա, պարոն վարչապետ։ Թող այս դեսպանատունը դառնա ոչ միայն մեր բարեկամության խորհրդանիշը, այլև ապագայի մնայուն խոստումը, որը մենք վճռական ենք կառուցել միասին։
1708 թվականի ամռանը հայ վարդապետ Հովհաննես Վանանեցին Ամստերդամից իր հայրենիք՝ Հայաստան, մեկնեց երկար ու դժվարին ճանապարհորդության։ Երկար տարիներ նա շրջել էր Եվրոպայով՝ հետապնդելով վեհ և համարձակ նպատակ՝ ձգտում դեպի գիտելիք և հայ գրատպության հիմքերի ստեղծում, որի վերջնական նպատակը այն ժամանակվա պարսկական Հայաստանում համալսարան հիմնելն էր։ Նա մեզ նվիրեց աշխարհի առաջին քարտեզը հայերենով։ Այն մինչև այսօր կարելի է տեսնել Երևանի Ազգային գրադարանում։ Նա իր հետ տանում էր Ամստերդամում տպագրված հայկական գրքերով լի սնդուկներ։ Ընդամենը մի քանի տարի անց Ամստերդամում՝ ազատասիրությամբ վաղուց հայտնի քաղաքում, տպագրվեց նաև առաջին հայերեն Աստվածաշունչը։ Սակայն նրա ճանապարհորդությունը, ցավոք, ընդհատվեց։ Նա մահացավ 1708 թվականի սեպտեմբերի 6-ին և մինչ օրս հանգչում է մեր տաճարում՝ գլխավոր խորանի առջև։ Նրա կյանքն ու անցած ուղին վկայում են մեր երկու ժողովուրդների միջև ամուր կապերի մասին՝ կապերի, որոնք ձևավորվել են գիտելիքի, առևտրի և առաջընթացի ընդհանուր ձգտման հիման վրա։ Եվ այդ կապերը պարզապես պատմական երևույթ չեն, դրանք կենդանի են նաև այսօր՝ Բելգիայի ակտիվ հայկական համայնքում։ Իմ հարևանը հայ է։ Այսպիսով, ես գիտեմ կոնյակն ու ուտելիքը։ Ես ճանաչում եմ իմ հարևաններին։ Բելգիայում ապրում է մեծ հայկական համայնք, որն ամեն օր իր ներդրումն է բերում մեր հասարակությանը և շարունակում է ծառայել որպես կենդանի կամուրջ մեր երկու երկրների միջև։ Մենք հարգում ենք այդ ժառանգությունը և այս դեսպանատան բացմամբ նշանավորում ենք Բենիլյուքսի երկրների և Հայաստանի միջև վաղեմի ու բարեկամական հարաբերությունները, և սա, անկասկած, պատմական պահ է», - նշել է Բարտ դե Վևերը։





























