Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական մեթոդներով։

«Հորմուզում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Նա հավելել է. «Քանի որ բանակցությունները առաջ են շարժվում Պակիստանի բարեկիրթ ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգուշանա, որ չարամիտ ուժերը կրկին իրենց չներքաշեն ճահիճը։ ԱՄԷ-ն նույնպես պետք է նույն կերպ վարվի»։

Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Պարսից ծոցում խցանված առևտրային նավերը Հորմուզի նեղուցով անցկացնելու «Ազատություն» գործողությունը «փակուղային» է։

Ավելի վաղ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկուշաբթի Իրանը Էմիրությունների ուղղությամբ արձակել է 15 հրթիռ՝ 12 բալիստիկ և երեք թևավոր, ինչպես նաև չորս ԱԹՍ։

Ֆուջեյրա էմիրության իշխանությունները հայտարարել են, որ նավթային նավահանգստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել, որի հետևանքով տուժել է Հնդկաստանի երեք քաղաքացի։

CNN հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ Էմիրությունների օդային տարածքում իրանական արկերը որսալու համար օգտագործվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։

Կատարի կառավարությունը աջակցություն է հայտնել Պարսից ծոցի իր հարևանին՝ հայտարարելով «լիակատար համերաշխություն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ» և աջակցություն «ԱՄԷ-ի կողմից իր ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար ձեռնարկվող բոլոր միջոցներին»։

Սաուդյան Արաբիան նույնպես համերաշխություն է հայտնել ԱՄԷ-ին «այն միջոցների հարցում, որոնք նրանք ձեռնարկում են իրենց ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»։ Իր հայտարարության մեջ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը «ամենավճռական կերպով» դատապարտել է Իրանի հարձակումը ԱՄԷ-ի «քաղաքացիական և տնտեսական օբյեկտների» վրա։