Մայիսի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակման են ենթարկել Լենինգրադի մարզը, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության և հրշեջ ծառայության մասնագետներն արդեն սկսել են հրդեհաշիջման աշխատանքները»,- գրել է Դրոզդենկոն իր տելեգրամյան ալիքում։ Նա հստակեցրել է, որ մարզի երկնքում ընդհանուր առմամբ 18 անօդաչու է խոցվել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Կիրիշիում է գտնվում Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ «Սուրգուտնեֆտեգազին» պատկանող «Կիրիշինեֆտեօրգսինթեզը» (ԿԻՆԵՖ)։ Վերջին տարիներին ձեռնարկությունը տարեկան վերամշակել է մոտ 18 միլիոն տոննա նավթ, ինչը կազմում է երկրի նավթավերամշակման ընդհանուր ծավալի 7%-ը։ Մինչ այս՝ գործարանը հարձակման էր ենթարկվել մարտի 26-ին, որից հետո այն վերսկսել էր սահմանափակ հզորությամբ աշխատանքը։
Անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈՒ) հարձակվել են Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոկսարիի վրա, հայտնել է շրջանի ղեկավար Օլեգ Նիկոլաևը։ Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է երեք մարդ, որոնցից մեկին հոսպիտալացրել են։ Միևնույն ժամանակ շրջանում հայտարարվել էր հրթիռային վտանգ։ Տեղի բնակիչների հրապարակած կադրերի համաձայն, որոնք վերլուծել է Astra-ն, հարձակման թիրախը Չեբոկսարիում գտնվող «ՎՆԻԻՌ-Պրոգրես» գործարանն է եղել։ Այս ռազմական ձեռնարկությունը ռուսական բանակի համար արտադրում է «Կոմետա» ալեհավաքներ, որոնք պաշտպանում են անօդաչուներին ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներից։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբում նշել էին, որ այդ ալեհավաքները կիրառվում են նաև «Իսկանդեր-Մ», «Կալիբր» համալիրների հրթիռներում և ավիառումբերում։
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը «որսացել և ոչնչացրել են» ինքնաթիռային տիպի 289 անօդաչու։ Անօդաչուները խոցվել են 18 շրջանների վրա, այդ թվում՝ Մոսկվայի, Լենինգրադի, Տուլայի, Ռյազանի, Պսկովի և Նովգորոդի մարզերի, Թաթարստանի, օկուպացված Ղրիմի և այլ տարածքների վրա։ Միևնույն ժամանակ ռազմական գերատեսչությունը չի ներկայացրել Չուվաշիայի վրա անօդաչուների կամ հրթիռների որսման մասին տվյալները։
Օդային հարձակման ֆոնին ժամանակավորապես դադարեցվել են Վոլգոգրադի, Իժևսկի, Կազանի, Նիժնեկամսկի, Նիժնի Նովգորոդի, Օրենբուրգի, Օրսկի, Պենզայի, Պերմի, Պսկովի, Սամարայի, Սարատովի, Տամբովի, Ուլյանովսկի, Ուֆայի, Չեբոկսարիի, Չերեպովեցի և Յարոսլավլի օդանավակայանների թռիչքները։





























