ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լավատեսական սպասումներ չունի վաղը Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից։ Այս մասին նա ասաց «Նովոստի-Արմենիա»-ում անցկացված «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում. հնարավո՞ր է առաջընթաց բանակցություններում» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ։ Հովհաննիսյանը որպես հիմնական պատճառ է բերել անգլիական եւ ռուսական լրատվամիջոցներին արած Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի անկախության մասին խոսք լինել չի կարող։
Հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը խոսեց նաեւ մադրիդյան սկզբունքներից։ Անդրադարձավ հատկապես այն մեկին, որը նախատեսում է կամարտահայտման միջոցով Ղարաբաղի կարգավիճակի որոշումը։ Նրա խոսքերով ամենավտանգավորն այն է, որ չի նշվում, թե այդ գործընթացը որտեղ եւ երբ պետք է լինի։ «Ադրբեջանի ժողովուրդը կարծում է, որ կամարտահայտումը պետք է լինի Ադրբեջանում, ադրբեջանական ժողովրդի կողմից եւ այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս հենց այդպես էլ ներկայացնել դա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Փաստաթուղթը ՀՅԴ խմբակցության ղեկավարի մոտ որեւէ ոգեւորություն չի առաջացնում, քանի որ, ըստ նրա՝ 90% անդրադառնում է պատերազմի արդյունքներին, այսինքն այն ամենին, ինչի մասին խոսում են ադրբեջանական լրատվամիջոցները եւ այդ կերպ փորձում փոխել պատերազմի արդյունքները։ «Մենք փորձում ենք բացառել պատերազմի պատճառները եւ արդյունքները բանակցությունների ընթացքում, նրանք՝ ընդհակառակը։ Քանի դեռ ոչ մի հնարավորություն չկա համատեղելու այդ երկու մոտեցումները, բնականաբար մեծ սպասումներ չեն կարող լինել»,-ավելացրեց խորհրդարանականը։
Դաշնակցական գործիչը համոզված է, որ պայմանագիրը նաեւ չի ապահովագրում պատերազմի վերսկսումից։ «Եւ քանի որ նման խնդիրներ կան այդ սկզբունքներում, ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է բանակցությունների գործընթացին ներգրավել ղարաբաղյան կողմին»,-ասաց նա։



















