Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող կամրջից ընկնելու պատճառով ոտքը կոտրած ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Գեւորգ Դավիթի Հայրապետյանը ոչ սթափ վիճակում է եղել եւ պատահաբար է ցած ընկել. Նա ինքնասպանություն գործելու նպատակ չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Նորավանի գյուղապետ Լավրենտի Առաքելյանը:

«Հիմա շատ լավ է: Սիրած աղջիկ է այնտեղ ունեցել, ջահել տղա է, եկել է արձակուրդ, ասել է գնամ տեսնեմ ու տենց պատահաբար ընկել ոտքը վնասել է»,- պատմեց գյուղապետը: Նրա խոսքով, Գեւորգը հոյակապ երիտասարդ է: «Լավ էլ ծառայում է, դեռ խրախուսանք ենք ստացել, որտեղ շնորհակալություն են հայտնում, որ նման լավ զինվոր ենք ուղարկել բանակ: Նա եւ մեկ եղբայր ունի միասին են մեկնել ծառայության եւ երկու քույր ունեն: Ծնողներն էլ արտակարգ մարդիկ են, համեստ, հոյակապ ընտանիք են»,- բնութագրեց Լավրենտի Առաքելյանը:

Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանն էլ ասաց, որ լսել է, որ կամրջից զինծառայող է ընկել, բայց չգիտի, թե որն է պատճառը եւ խոսքն իրենց գյուղի որ աղջկա մասին է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, ո ր Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող կամրջից ցած է նետվել զինվորական Գեւորգ Հայրապետյանը: Ապրիլի 27-ին ժամը 16.25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի «Կարմիր» կամուրջ կոչվող կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով զինվորական է նետվել: Նա կոտրել է ոտքը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 16.00-ին Գեւորգ Դավիթի Հայրապետյանն է ցած նետվել կամրջից, ով ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող է: Վերջինս գտնվել է արձակուրդում ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 2-ը: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ զինծառայողը տեղափոխվել է Երեւանի կենտրոնական հոսպիտալ, նրա վիճակը կայուն ծանր է: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են, ՀՀ ՊՆ Արմավիրի կայազորի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր: