87 տարեկան հասակում մահկանացուն է կնքել հայտնի ամերիկացի գործարար, բարերար և աշխարհում առաջին շուրջօրյա լրատվական հեռուստաալիքի՝ CNN-ի ստեղծող Թեդ Թըրները։ Նրա մահվան մասին՝ ընտանիքի և հարազատների շրջապատում, չորեքշաբթի՝ մայիսի 6-ին, հայտնել է Bloomberg գործակալությունը և հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով Turner Enterprises ընկերության մամուլի հաղորդագրությանը։ Մահախոսականում նշվում է, որ 2018 թվականին Թըրներին Լևիի մարմնիկներով դեմենցիա էին ախտորոշել, իսկ 2025 թվականի սկզբին նա հոսպիտալացվել էր թոքաբորբի պատճառով, ինչից հետո անցնում էր վերականգնողական փուլ։

Թեդ Թըրները ծնվել է 1938 թվականին Օհայոյում և իր կարիերան սկսել է հոր գովազդային գործակալությունում, որը գլխավորել է 24 տարեկան հասակում։ Ընդլայնելով բիզնեսը ռադիոկայանների և հեռուստաալիքների գնման միջոցով՝ նա ստեղծել է Turner Broadcasting System մեդիակայսրությունը՝ ներդնելով այդ ժամանակի համար նորարարական արբանյակային ազդանշանի փոխանցումը կաբելային օպերատորների համար։ Թըրների գլխավոր ձեռքբերումը դարձավ 1980 թվականին CNN-ի գործարկումը, ինչը հավերժ փոխեց համաշխարհային լրագրությունը՝ ուղիղ եթերում օպերատիվ հեռարձակման հայեցակարգի շնորհիվ։

Առանձնահատուկ ճանաչում Թըրները ստացավ 1991 թվականին, երբ Time ամսագիրը նրան արժանացրեց «Տարվա մարդ» տիտղոսին՝ Պարսից ծոցի պատերազմի լուսաբանման համար։ Դա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ռազմական գործողությունները հեռարձակվում էին իրական ժամանակի ռեժիմում՝ հեռուստադիտողին դարձնելով գլոբալ իրադարձությունների ակնթարթային վկան։ Բացի մեդիաբիզնեսից, Թըրները հայտնի էր իր լայնածավալ բարեգործական գործունեությամբ. նա ակտիվորեն աջակցում էր բնապահպանական նախագծերին և դարձել էր զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման կազմակերպության համահիմնադիր։ Լեգենդար մեդիամագնատն ունի հինգ երեխա, 14 թոռ և երկու ծոռ։