Անկախ այլ հարցերից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարեւոր է ինքն իրենով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ակտիվորեն հետաքրքրվում են ԼՂ բանակցային գործընթացով եւ մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Ֆիլիպ Գորդոնի այն դիտարկումը, թե ղարաբաղյան հարցի կարգավորումը կապված չէ այլ գործընթացների հետ, արվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս Վաշինգտոնում հայտնած հակառակ պնդումների լույսի ներքո։
«Այս հարցը կարեւոր չէ նրա համար, որ մենք հիմնախնդրի կարգավորումը դիտարկում ենք որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհ, այլ այն բանի, որ դա կարող է նպաստել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչից կշահեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Սա այն է, ինչի մասին մենք մտածում ենք»,- հայտարարել է Գորդոնը։
Պետքարտուղարի օգնականն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային՝ նշելով, որ ԱՄՆ-ը սատարում է այդ գործընթացին. «Մենք կուզեինք, որպեսզի երկու երկրների խորհրդարանները վավերացնեին արձանագրությունները։ Կարծում ենք՝ դա ձեռնտու է ինչպես Թուրքիային, այնպես էլ Հայաստանին»։ Նրա խոսքով, եթե երկու՝ ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, ապա դա պատմական առաջընթաց կլինի տարածաշրջանի համար։
Չնայած նրան, որ Գորդոնի խոսքով, ԱՄՆ-ը Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցում հիասթափվել է Թուրքիայից, ամերիկյան կողմը գոհ է այդ երկրի հետ համագործակցությունից. «Մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում թուրքական կողմի հետ եւ սատարում ենք նրանց՝ ԵՄ մուտք գործելու ձգտմանը։ Նրանք գնահատում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը։ Այդ մասին օրերս Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի վարչապետը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։




























