Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, համաձայնության են եկել 2010թ. արտաքին օգնության օրինագծի շուրջ, որով Հայաստանի համար առաջարկվում է 41 միլիոն դոլարի օգնություն, եւս 8 միլիոն դոլար` Լեռնային Ղարաբաղում «ծրագրերի եւ գործունեության» համար:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Կոնգրեսի երկու պալատների նախագծերի համաձայնեցման հանձնաժողովի որոշմամբ նաեւ պահպանվել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:
Նշենք, որ Սպիտակ տունը մայիսին ներկայացրած բյուջեի նախագծով առաջարկել էր 38 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը եւ ընթացիկ տարվա 48 միլիոնի փոխարեն 2010թ. հատկացնել 30 միլիոն դոլար: Վարչակազմը առաջարկել էր Ադրբեջանին հատկացնել 4 միլիոն դոլարի, Հայաստանին` 3 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն, իսկ ռազմական ուսուցման եւ վարժանքների համար Հայաստանին տրամադրել Ադրբեջանին հատկացվելիք 900 հազար դոլարի ուղիղ կեսը:
Բացի այդ, վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծում Լեռնային Ղարաբաղի համար օգնություն չէր առաջարկվում:
Սակայն Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատները համաձայնության են եկել Հայաստանին 41, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 8 միլիոն դոլար տալու շուրջ, ինչպես նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության հավասարակշռությունը` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ եւս 450 հազարական դոլար` ռազմական ուսուցման եւ վարժանքների համար:
Համաձայնեցման հանձնաժողովի ընդունած նախագիծը նորից քվեարկության է դրվելու Կոնգրեսի երկու պալատներում եւ հավանության արժանանալուց հետո ներկայացվելու է նախագահ Օբամայի վավերացմանը:




























