«Արմենիա» առագաստանավը դեկտեմբերի 7-ին խարիսխ է գցել Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) Բուսեո նավահանգստում:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արշավի ղեկավար Զորի Բալայանին եւ նրա հետ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող մեր մյուս հայրենակիցներին դիմավորել են Արգենտինայում, համատեղության կարգով նաեւ Ուրուգվայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Մոնտեվիդեոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանը, Ուրուգվայի Զբոսաշրջության եւ սպորտի փոխնախարար Լիլիան Քեշիշյանը, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի ներկայացուցիչները, նավահանգստի ղեկավարությունը, ուրուգվահայ համայնքային բոլոր կառույցների 150-ից ավելի ներկայացուցիչներ:

Հաջորդ օրն առավոտյան անձնակազմի բոլոր անդամները Հայաստանի դեսպանի եւ պատվավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելել են Ներսես Շնորհալի Մայր տաճարը, ուր նրանց ընդունել են Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արք. Գլնջյանն ու եկեղեցական խորհրդի անդամները:

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին «Արմենիա» առագաստանավը խարիսխ կգցի Արգենտինայում` Բուենոս Այրեսի նավահանգստում: