Եթե իշխանություններն ընտրակաշառք չբաժանեն, էլ ինչ ընտրություններ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազատամարտի մասնակից, թիվ 25 ընտրատարածքում (Հրազդան քաղաք) առաջադրված եւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 13-րդ տեղը զբաղեցնող Սասուն Միքայելյանը:
Պարոն Միքայելյան, դժվար չէ՞ Ձեզ համար այս սառը եղանակին քարոզարշավ անցկացնելը: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը դժգոհել էր, թե դեռ ձյունը Հրազդանում չի հալվում, որ փողոցներն ասֆալտապատեն:
Կդիմանանք: Մի մոռացեք, որ ֆիդայի եմ եղել` անձրեւին, քամուն, բոլոր եղանակներին ամենուր ամեն տեղ մենք ներկա ենք եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքապետի ասածին, ասում են քոռ ախտեցի, բայց հո էտքան էլ կույր չե՞նք:
Դուք առաջադրվել եք եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգերով: Որ ընտրակարգով եք Ձեր ընտրվելու շանսերն ավելի բարձր գնահատում:
Կարծելը ո՞րն է: Ես, եթե դրել եմ թեկնածությունս, ուրեմն երկու ընտրակարգով էլ պետք է հաջողության հասնեմ: Ես հո չե՞մ դրել, որ հետո գնահատեմ, որն ա շատ, որը` քիչ, կամ, եթե սրանով չանցնեմ, նրանով հաղթեմ: Բայց ես գերադասում եմ մեծամասնականով անցնել, քանի որ այսքան տարի մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ եղել: Անցած քաղաքապետի ընտրություններում եւս ես մեծամասնականով եմ անցել:
Գործող ՀՀԿ-ական քաղաքապետը հայտարարեց, որ պաշտպանելու է ԲՀԿ-ական թեկնածու Դավիթ Քոչարյանին: Դա որքանո՞վ է դժվարեցնում Ձեր ընտրապայքարը:
Ոչ մի բանով չի դժվարեցնում: Ինքն իր ընտրապայքարում իրեն աջակցեց ամբողջ իշխանության հետ միասին, բոլոր լծակները օգտագործելով հանդերձ եւ ի՞նչ արդյունք ստացավ, որ էսօր ինչ հաջողության հասնի: Դա իր անձնական գործն է, որը ինձ ոչ հետաքրքրում է, ոչ էլ ես դրանում ինչ-որ պրոբլեմ եմ տեսնում:
Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ ընտրապայքարի էիք դուրս եկել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ, հայտարարեցիք, թե Դուք ընտրվեցիք, բայց Արամ Դանիելյանին նշանակեցին քաղաքապետ: Այս ընտրություններից ի՞նչ սպասումներ ունեք:
Այս անգամ հաղթելու եմ: Նախորդ անգամ իշխանության բոլոր լծակները կենտրոնացրել էին Հրազդանում, ինչը այս անգամ չեն կարող, քանի որ ընտրություններն ամբողջ Հայաստանի մասշտաբով են ընթանալու: Գումարած դրան, դրոշմակնիքները նախորդ անգամ օրենքի խախտում արեցին եւ թույլ չտվեցին ստորագրենք: Հասկանում եք չէ, թե ինչի համար չթողեցին, որովհետեւ Հրազդանի հարակից գյուղերից, Աբովյանից մարդկանց էին բերել քվեարկելու: Եվ քանի, որ դա իշխանության ձեռագիրն էր, ես չբողոքարկեցի: Այս անգամ ոչ մի զիջում չի լինելու: Հերիք չի՞ զիջենք: Զիջեցինք, զիջեցինք էս հայրենիքը հո չե՞նք զիջելու:
Այս ընտրություններում ընտրախախտումների հանդիպե՞լ եք: Ընտրակաշառքներ բաժանվո՞ւմ են:
Խախտումները մեր շտաբի պետն է արձանագրում: Եթե իրենք ընտրակաշառք չբաժանեն, էլ ինչ ընտրություններ: Ես զարմանում եմ այդ հարցի վրա: Իրենք ձայն ունե՞ն ընդհանրապես, եթե ընտրակաշառք չբաժանեն:
Իսկ ձայների գները բարձրացե՞լ են նախորդ ընտրությունների համեմատ, թե` ոչ: Ներկա պահին ինչ թվեր են շրջանառվում:
Խոսում են ամեն կողմից 10-15 հազարի մասին: 10 հազար ՀՀԿ-ն է առաջարկում, 15 հազար` ԲՀԿ-ն: Ես չգիտեմ, ասում են մտնում են տներ գրանցում, անձնագրի պատճեն են վերցնում:
Դուք քարոզարշավի շրջանակներում ժողովրդին ասել էիք, որ եթե չառաջադրվեիք, նրանք այդ գումարը չէին բաժանի եւ հորդորել եք վերցնել այդ գումարները:
Այո, բայց գումարը թող վերցնեն եւ իրենց խղճի մտոք ընտրեն: Ավելին` եթե կուսակցությունը կամ անհատը գումար է տալիս, ուրեմն ինքը ոչ արժանիք ունի, ոչ էլ այս տարիների ընթացքում որեւէ բան է արել ժողովրդի համար: Հակառակ դեպքում ժողովուրդն իր գնահատականը կտար ընտրությունների արդյունքով: Բայց իրենք ժողովրդի հաշվին հարստանալով, բերում գումարով ձայն են գնում: Նաեւ ասել եմ, որ հարգելի ժողովուրդ կարող են մի օր էլ բռնեն ձեր մեջքին գրեն գներն իջեցված ապրանքներ: Հետեւաբար պետք է հասկանալ, որ մենք ապրանք չենք, որ մեզ գնեն: Այ սա է պետք հասկանալ վերջիվերջո:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























