Թերթը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կոսւակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.
Շատ են խոսում ԲՀԿ, ՀԱԿ, Դաշնակցություն հնարավոր ձեւավորվելիք դաշինքի մասին: Ի՞նչ եք կարծում, նման դաշինք հնարավո՞ր է:
Ինձ շատ զարմացնում են մեր շատ հարգարժան մի շարք քաղաքագետներն ու լրագրողները, որոնք հետեւողականորեն արծարծում են այս խնդիրը` կապված միասնական շտաբի աշխատանքների ձեւավորման հետ:
20 տարի Հայաստանում խոսում են ազատ, արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Եվ կարծես թե մեր հասարակության մեծ մասը դժգոհ է այսօրվա կացությունից: Մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ն, միասին ստեղծել են միասնական շտաբ` գալիք ընտրությունների պատշաճ վերահսկման համար: Ի՞նչ վատ բան կա այստեղ:
Նույն այդ քաղաքագետներն ու լրագրողները, խմբագիրները, որոնք 20 տարի խոսում են ազատ ընտրությունների անցկացման մասին, նույն այդ մարդիկ այսօր զարմացած են, որ տարբեր քաղաքական ուժեր կարող են համագործակցել այս լրջագույն խնդրի շուրջ: Եվ փոխանակ սույն փաստը դրական արձագանքի արժանանա, որոշները ինչ-ինչ հակասություններ են փորձում գտնել տարբեր քաղաքական ուժերի միջեւ: Եվ այստեղ ակամա հարց է առաջանում. իսկ ոմանք իրապե՞ս անկեղծ են ազատ, արդար ընտրության պահանջի իրենց հայտարարություններում։
Կարծում եմ, հենց այս խնդիրն է, որ առաջին հերթին պետք է հուզի մեր հասարակությանը, մեր ողջ ժողովրդին: Եվ կարծում եմ, ավելորդ չէ նշել, որ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու գաղափարը այսօր միավորում է երկրի բոլոր առողջ ուժերին, անկախ նրանց գաղափարական եւ քաղաքական ուղղվածությունից: Քանզի դա մեր ժողովրդի պահանջն է, եւ դա է պահանջում նաեւ մեր երկրի պետական շահը:
Հենց առաջին նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեցիք, որ պատրաստ եք կորցնել շատ բան, բացի ժողովրդի վստահությունից: Դուք այսօր ե՞ւս պնդում եք ձեր այդ ձեւակերպումը:
Դա այն ձեւակերպումն է, որն առանց լրջորեն կշռադատելու չես անի: Սա հուզական ձեւակերպում չէ: Այո, ես պատրաստ եմ շատ կորուստներ կրել, բայց ես չեմ կորցնելու այն ահռելի վստահության ռեսուրսը, որ կա իմ ու իմ թիմակիցների հանդեպ: Երբ հարյուր հազարավոր մարդիկ քո խոսքին, քո գործին են սպասում ու քեզ հավատում են, իրենց փրկության հույսը քո ու քո թիմի մեջ են տեսնում՝ դրանից ավելի թանկ ու կարեւոր ի՞նչ կա: Հավատացնում եմ ձեզ` ոչինչ:
Քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցում են, ի վերջո, իշխանության հասնելու համար: Դուք պարբերաբար հայտարարում եք, որ անձամբ ձեզ ոչինչ պետք չէ:
Այսօր էլ հայտարարում եմ նույնը: Անձամբ ինձ ոչինչ պետք չէ: Ես չեմ ուզում պաշտոն, աթոռ, արտոնություններ եւ այլն: Ավելին` ես չեմ հայտարարում, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ պետք է իշխանություն կազմի: ԲՀԿ-ն պատրաստ է վերցնել ցանկացած բեռ եւ պատասխանատվություն:
Միաժամանակ ես հայտարարել եմ, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից: Դրա համար առաջ ենք քաշել լայն համախմբման, իրական կոնսոլիդացիայի գաղափարը:




























