Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը` կապված հայ-թուրքական հարաբերությունների, հայկական հարցի հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով Օբամայի դիրքորոշման մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը նկատել է, թե նա իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է ե՜ւ հրապարակավ, ե՜ւ անձնական շփումների ընթացքում: «Թուրքիայի` Ցեղասպանությունը ճանաչելու, իր պատմությանն անաչառ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ Նախագահն ասել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում»,- նկատել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց ընտրվելուց հետո առ այսօր չի ճանաչել:




























