Հայաստանի ոստիկանությունն անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին` նշելով, որ վերջինս միտում է որակել ընտրողների ցուցակներում մի տառի փոփոխմամբ նույն անվանման  առկայությունը:

«Որպես օրինակ բերվել են «Արմեն Վահագնի Պողոսյան» և «Արմեն Վահագնի Պաղոսյան», «Հրաչիկ Օլյայի Գրիգորյան, «Քրմաչյան» և «Ղրմաչյան» անհատական տվյալները:

Հայաստանի հանրապետության ոստիկանությունը անթույլատրելի համարելով նման կասկածամիտ ու կանխակալ դատողությունները` ՀՀ քաղաքացիներին պարզաբանում է.

1996թ. հուլիսի 26-ին Հրաչիկ Օթյայի Գրիգորյանին անձնագիր տրամադրելիս, անձնագիր տալու մասին դիմումում նշված հայրանվան` «Օթյայի» փոխարեն սխալմամբ ավտոմատացված համալիրի պահոց մուտքագրվել է «Օլյայի» բառը: Արդյունքում` բնակչության պետական ռեգիստր մուտքագրված սխալ տվյալը փոխանցվել է ընտրողների ռեգիստր:

1995թ. հուլիսի 17-ին Ամալյա Սուրենի Ղռմաջյանին և 1995թ. մարտի 30-ին Արսեն Վահագնի Պողոսյանին անձնագիր տրամադրելիս` սխալմամբ համապատասխանաբար նշվել են «Քրմաջյան» և «Պաղոսյան» ազգանունները: 1995թ. հուլիսի 31-ին Ամալյա Ղռմաջյանին և 1995թ. ապրիլի 5-ին Արսեն Պողոսյանին  տրամադրվել է շտկված ազգանուններով անձնագրեր, սակայն ավտոմատացված համալիրի պահոցում նախկին տվյալներն անվավեր չեն ճանաչվել: Ընդ որում, սխալ տվյալներով անձնագրերը սահմանված կարգով ոչնչացվել են դեռևս 1995 թվականին:

Անճշտությունները շտկվել են և վերջնական ցուցակները հրապարակելիս թերությունները վերացված կլինեն»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: