Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանի համար քարոզարշավը շատ անհրաժեշտ էր եւ հետաքրքիր, առավել եւս, երբ այն տարբերվում էր նախորդ քարոզարշավներից իր սառնությամբ, անտարբերությամբ: Այս մասին Լյովա Խաչատրյանն ասաց այսօր՝  մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ նախորդ քարոզարշավների ժամանակ ինքը մարդկանց մեջ խանդավառություն էր նկատում, թեկնածուների կողմից եւս կար քարոզարշավը բուռն անցկացնելու ձգտում: «Այս անգամ կարծես մենակ էի իմ ընտրատարածքում, փորձեցի հասցնել պարզապես շատ հանդիպումներ ունենալ»,-ասաց նա:

Լ. Խաչատրյանի խոսքով՝ անցյալ անգամվա նման հիմնարկ- ձեռնարկություններում չհաջողվեց հանդիպումներ ունենալ, հիմնական հանդիպումները բակերում էին, ինչպես նաեւ մեկ մեծ հանդիպում Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ:

Ըստ ԲՀԿ-ական թեկնածուի, ինքն անցկացրել է լիարժեք քարոզարշավ, պարզապես կցանկանար ճանապարհին հանդիպել տեսակետների, գաղափարների բախման, ինչը չեղավ: Իսկ թե ինչն էր պատճառը, պատգամավորության թեկնածուն ունի իր բացատրությունը. «Երբ վազորդները թույլ են լինում, երբեք ռեկորդ չի սահմանվում»:

Իսկ իր մրցակիցներն, ըստ Խաչատրյանի,  «կամ ասելիք չունեին, կամ ասելու ձեւը չունեին»: Նա թեկնածուներից միայն մեկին է ճանաչում՝ Անահիտ Բախշյանին, ով որոշակի քարոզարշավ արեց:

Լյովա Խաչատրյանը չցանկացավ առանձնացնել հիմնական մրցակիցներին՝  նշելով, որ  բոլորն էլ մրցակից են, քանի որ առաջադրվել են:

«Հիմնական մրցակիցս ժամանակն էր, ես այն հաղթահարեցի: Թվում էր, թե դժվար կլինի այս փոքր ժամանակահատվածում, բայց պարզվեց, որ ինձ շատերը ճանաչում են, հետեւում են մամուլին, ինձ լավ գիտեն՝ որպես պատգամավորի, որպես քաղաքական գործչի»,- նշեց նա:

NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ արդյունքներ է ակնկալում մայիսի 7-ին, ո՞վ կհաղթի, նա պատասխանեց, որ կհաղթեն կատարված աշխատանքները, գործունեությունը եւ ներկայացված ծրագրերը:

«Ամենամեծ հաղթանակը կլինի  մայիսի 6-ի երեկոյան, երբ ողջ ժողովուրդը միմյանց շնորհավորի,  դա կլինի ոչ միայն իմ, այլեւ հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակը»,- նշեց նա:

Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը,  ՀՅԴ-ից Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ից  Ռոբերտ Մասումյանը, ՀԱԿ-ից Տիգրան Տեր-Պետրոսյանը, անկուսակցական, լրագրող Գոհար Վեզիրյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի