Իմ դեմքը եւ նկարը միմյանցից չեն տարբերվում, ես իմ դեմքն եմ ցույց տալիս ժողովրդին նրանց հետ հանդիպումների ժամանակ, իմ նկարը փակցնելու անհրաժեշտություն չունեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով նույն ընտրատարածքում առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանի դիմում-բողոքին, ըստ որի նա եւ թեկնածու Գոհար Վեզիրյանը խախտել են նախընտրական քարոզչությամբ սահմանված կարգը եւ չսահմանված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր:

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ եթե ոչ սահմանված վայրերում փակցվում են նյութեր, քաղաքապետարանը ոստիկանության հետ միասին պարտավոր է դրանք վերացնել:

«Ես շտաբ էլ չունեմ, ԲՀԿ-ի համակիրներին էլ խորհուրդ եմ տալիս, որ չսահմանված տեղերում չփակցնեն»,- նշեց նա՝ հավելելով, որ պատկան մարմինները պետք է հետեւողական լինեն եւ հանեն:

Անդրադառնալով իր՝ ԲՀԿ անդամ դառնալուն, Լյովա Խաչատրյանը մեկնաբանեց, որ քանի որ որոշել է զբաղվել քաղաքականությամբ, այդ պատճառով էլ անդամագրվել է ԲՀԿ-ին, քանի որ իրենց խոսքը գործ է, ինչպես իրենը՝ որպես իսկական մարդու, իսկական ապարանցու եւ իսկական քաղաքական գործչի:

Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը,  ՀՅԴ-ից Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ից  Ռոբերտ Մասումյանը, ՀԱԿ-ից Տիգրան Տեր-Պետրոսյանը, անկուսակցական Գոհար Վեզիրյանը:

Տիգրան Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք էր ներկայացրել ԿԸՀ եւ նշել էր, որ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը եւ Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 2-րդ եւ 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարզոչությամբ սահմանված կարգը: Նրանք չսահմանված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր՝ մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին եւ այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաեւ Նորագավիթ թաղամասում: Դրանից հետո այսօր` մայիսի 1-ին, թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հայտարարել է, որ թեեւ իրենց բողոքի հիման վրա որոշում էր կայացրել վերացնել իր մրցակից երկու թեկնածուների` Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառները օրենքով չսահմանված վայրերից, սակայն որոշումն, ըստ էության, չի կատարվել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի