Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանն այսօր երկու պատճառ ուներ բարի լինելու. գարուն է եւ այսօր իր ծննդյան օրն է: Այս մասին նա ասաց այսօր՝  մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հավելելով, որ այսօր լրանում է իր 57-ամյակը: «Գարուն է եւ ծննդյանս օրն է, այսօր չեմ ցանկանում օգտվել քարոզարշավ անելու իմ հնարավորությունից: Մեր ԲՀԿ-ի քարոզարշավը ընթացավ եւ ընթանալու է շատ հաջող եւ լավ: Անհրաժեշտություն չեմ գտնում եւս մեկ անգամ փորձելու համախոհներ, համակիրներ ունենալու»,- նշեց նա:

NEWS.am-ի դիտարկմանը, թե սովորաբար չա՞ր եք, որ այսօր բարիացել եք, նա նկատեց. «Սովորաբար ճշմարիտ եմ, ուղիղ եմ եւ արտահայտում եմ իմ տեսակետը մինչեւ վերջ: Այսօր բարի եմ այն իմաստով, որ չեմ ցանկանում որոշ հարցերի շուրջ իմ տեսակետը արտահայտել մինչեւ վերջ»:

Մենք հետաքրքրվեցինք պատգամավորության թեկնածուից, թե ծննդյան օրվա կապակցությամբ, տորթի մոմ փչե՞լ է, երազանք պահե՞լ է, թե` ոչ, ինչին ի պատասխան նա ասաց, որ առավոտյան արթնացել է, բարձրացել  իրենց սարի աբյուրներից մեկից ջուր է խմել, վայելել է գարունը, որը միշտ պայծառ է, տեսել է, թե ինչպես են ծաղիկները բացում իրենց գլխիկները, այնուհետեւ իջել է եղբոր տուն, նրա երեխաների հետ մոմ է վառել, երազանք պահել, հանգցրել ու եկել:

Պատգամավորության թեկնածուն այդպես էլ չբացահայտեց իր երազանքը, չասեց նաեւ, թե այն կապված է ընտրություններում իր հաղթանակի հետ, թե` ոչ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի