Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղում երեկ` մայիսի 1-ին, մի մեքենա է մտել գյուղամեջ, կրակ բացել եւ սատկացնելով մի աքլորի, հեռացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը: Վերջինս փոխանցեց, որ մանրամասներ հաղորդելու ցանկություն չունի, քանի որ մեծ աժիոտաժներ են անում:

«Խնդրում եմ այդ թեման մի մեծացրեք: Այստեղի բնակչության մեծ մասը հիմա դրանից տեղյակ չի: Հիմա կարող էմեկը մի երեխայություն էարել` արժե՞ դրանից հայոց պատմություն սարքել: Դարձրին դիվերսիա է, եսիմ ինչ է: Բարձրացվող աղմուկը մարդկանց ավելի է վախեցնում»,- նշեց գյուղապետը, հիշեցնելով, որ մի քանի օր է, ինչ հակառակորդի կրակոցների ազդեցության տակից նոր են դուրս եկել, հետեւաբար նման աղմուկները թույլ չեն տալիս բնականոն կյանքով ապրել:

Վերջինս նաեւ հավաստիացրեց, որ ներկա դրությամբ, թե մանկապարտեզի սաները, թե աշակերտները նորմալ շարունակում են հաճախել ուսումնական հաստատություններ: «Ես չգիտեմ, թե ում է ձեռնտու, որ էս փոքր գյուղը սարքել են Հոլիվուդ, ինչ կա չկա գցում են էս փոքր գյուղի վրա»,- ավելացրեց Գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակի տակ է պահել Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Կրակի տակ է եղել, մասնավորապես, գյուղի մանկապարտեզը: Կրակահերթի տակ բնակիչները տարհանել են մանկապարտեզի ու դպրոցի սաներին, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: