Ընտրություններին մասնակցող կուսակցությունները մտածում են, թե ծրագրերով չեն հաղթում ընտրություններում, ուստի դրանք մղվել են երկրորդ պլան: Այդ մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը` պատասխանելով քննարկումը վարող Արամ Աբրահամյանի հարցին, թե ինչո՞ւ են ծրագրերը մղվել երկրորդ պլան:

«Դաշնակցությունը ռոմանտիկ է եւ փորձում է ժողովրդի սիրտը շահել ծրագրերով: Մենք ներկայանում ենք մեծ թիմով եւ փորձում ենք ներկայացնել մեր ծրագրերը»,- նշել է նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշեց, թե դրա պատճառն այն է, որ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանում չի կայացել ընտրությունների ինստիտուտը: «Բացի նախագահական առաջին ընտրություններից մյուս բոլոր ընտրությունները կեղծվել են, եւ դրա արդյունքում պիտի այսօր օրակարգում լիներ հարցը, թե ե՞րբ է, ի վերջո, ազատ եւ արդար ընտրություն լինելու»,- նշեց Ստեփան Սաֆարյանը` թերահավատություն հայտնելով, որ այս ընտրությունները կարող են արդար եւ թափանցիկ անցնել:

Նրա կարծիքով, Հայաստանում կան շրջանակներ, որոնք շեշտը դրել են ոչ թե ընտրողների ձայնը ստանալու, այլ դրսի ուժերին դուր գալու վրա: «Այսպես շարունակել այլեւս չի կարելի: Մեր երկիրը եւս մեկ կեղծված ընտրություններ չի կարող հանդուրժել»,- նշեց նա:

Քննարկմանը մասնակցող ՀԿԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ գնում է ոչ թե գաղափարների պայքար, այլ փորձ է արվում կրկին ուղղությունը շեղել դեպի փողը: «Ընտրողն այսօր ելնելով սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից սպասում է այդ գումարներին, որ խոստանում են կուսակցությունները: Մեկը ասում է 10 հազար, մյուսը րոպեներ անց գալիս է եւ ավելի բարձր գին առաջարկում»,- նշել է նա` հրաժարվելով, սակայն, ներկայացնել ընտրակաշառք բաժանող կուսակցությունների անունները: