Հայաստանը շնորհակալ է Լատվիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում հայկական կողմի դիրքորոշմանն ըմբռնումով մոտենալու եւ այդ հարցին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ դեկտեմբերի 10-ին կայացած համատեղ ասուլիսում:

«Լատվիացի իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք նաեւ տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված հարցեր եւ համատեղ հանգել ենք այն կարծիքին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան»,- նշել է Սարգսյանն ու հավելել, թե ինքը տեղեկացրել է Լատվիայի նախագահին հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի մասին: «Ես նշեցի, որ հայկական կողմը պատրաստակամ է միջազգային մեր պարտավորություններին համապատասխան, առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման նախապայմանի եւ խելամիտ ժամկետներում վավերացնել ու իրագործել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը եւս կօգտագործի այս պատմական հնարավորությունը եւ կասկածի տակ չի դնի վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր անցած երկար ու բարդ ուղին»,- նշել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նկատել է նաեւ, որ երկու երկրների նախագահները երկուստեք հետաքրքրվածություն են արտահայտել նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ձեւաչափով համագործակցության զարգացման առումով, մասնավորապես` Արեւելյան գործընկերության շրջանակում: «Մենք շահագրգիռ ենք այդ ուղղությամբ մշակելու եւ իրականացնելու երկկողմ ու տարածաշրջանային նախագծեր»,- ասել է Սարգսյանը: