Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դռնբաց նիստում երեկ բավարարել է թիվ 7 ԸՏ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի բողոքները թիվ 7 ԸԸՀ որոշումները վերացնելու մասին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Բողոքների նախապատմությունը հետեւյալն է. Փաշինյանը եւ Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ` նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքով, ելնելով այն փաստից, որ Ալեքսանյանը ընտրատարածքի ընտրողներին դրամ է բաժանել եւ խոստացել է ավարտական դասարանների անվճար վերջին զանգ կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Թիվ 7 ԸԸՀ-ն նախորդ ուրբաթ օրը մերժել էր Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Հովակիմյանի դիմումները: Եվ ահա, ԿԸՀ-ի որոշմամբ արձանագրվեց, որ այդ մերժման որոշումներն ապօրինի են եւ կայացվել են ոչ օրինական ճանապարհով: ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրել է այսօր կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու եւ նրան պատգամավորի թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը: