Արցախի Մարտունիի շրջանի Գիշի գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ապրիլի 29-ին կատարվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնարկեքը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ եկեղեցին կառուցվում է արմատներով գիշեցի, ռուսաստանաբնակ գործարար Կարեն Բաղրյանի նախաձեռնությամբ եւ բարերարությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Վալերի Հայրապետյանն է:

Արցախի թեմի հոգեւոր սպասավորները Պարգեւ Սրբազանի հանդիսապետությամբ նախ գինով ու ջրով լվացել, ապա սրբալույս մյուռոնով օծել են Քրիստոսի առաքյալների, չորս ավետարանիչների եւ Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվել են նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում եւ կատարվեց օրհնության կարգ:

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է գիշեցիներին` մոտ ապագայում սեփական գործող եկեղեցին ունենալու առիթով: Նա կարեւորել է այն փաստը, որ արմատներով արցախցի աշխարհասփյուռ հայորդիները չեն մոռանում իրենց հարազատ երկիրը եւ տարբեր կերպերով աջակցում են սեփական ժողովրդի ու Եկեղեցու կենսական խնդիրների լուծմանը: 

Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, շրջանային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ այլք: