«Առաջին լրատվական» կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, որի վերաբերյալ կայքի խմբագրակազմը հայտարարություն է տարածել:

«Հարգելի գործընկերներ եւ www.1in.am «Առաջին լրատվական»-ի հարգելի ընթերցողներ,

Երեկ` մայիսի 2-ին, ժամը 15:00-ից հետո մեր կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով:

Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները եւ ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել աննախընթաց հարձակման: Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը:

Շնորհակալություն ենք հայտնում մեր մշտական ընթերցողներին հոգատարության համար, չլռող հեռախոսազանգերի եւ քաջալերանքների համար:

Հատկանշական է, որ հայաստանյան առաջատար լրատվամիջոցների առաջին եռյակում գտնվող լրատվական կայքի նկատմամբ հակերային հարձակումը իրականացվեց խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ եւ մամուլի ազատության նախօրեին»,-ասված է տարածված հայտարարության մեջ: