Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբը պատասխանել է նույն ընտրատարածքում առաջադրված ընդդիմադիր թեկնածու Վլադիմիր Կարապետյանի տարածած հայտարարությանը:

Սամվել Ֆարմանյանի շտաբի պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Հերթական հայտարարությունն է տարածել նույն ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը: Այս հայտարարությունը եւս, ցավոք սրտի, բացառություն չէր եւ գրված է նախընտրական քարոզարշավի մեկնարկից կիրառվող նույն ձեռագրով` փորձել ամեն գնով առնվազն լրագրողական հանրության շրջանում ստեղծել տպավորություն, թե իբր ապահովված չեն հավասար մրցակցային պայմաններ:

Ի պատասխան Վ. Կարապետյանի նախընտրական շտաբի հայտարարության` ուշադրություն ենք հրավիրում ներքոշարադրյալ էական փաստական հանգամանքներին, որոնք միտումնավոր շրջանցվել են:

Այսպես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն, սահմանվում է քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար եւ վճարովի տեղեր: Ցավոք, Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը չի ընկալել այս նորմերի իրական իմաստը եւ դրանց տարանջատվածությունը: Ինչպես հայտնի է, այդ թվում եւ Վ. Կարապետյանի նախընտրական շտաբին, թեկնածու Սամվել Ֆարմանյանի քարոզչական պաստառները փակցվել են սահմանված ինչպես անվճար, այնպես էլ` վճարովի տեղերում: Սամվել Ֆարմանյանի` բազմաբնակարան շենքերի պատերին փակցված քարոզչական պաստառների ընդհանուր մակերեսը կազմել է 332.38 ք/մ, որից 231.2 ք/մ, տեղադրվել է անվճար, իսկ` 101.18 ք/մ վճարովի հիմունքներով` համաձայն գործող օրենսդրության, ինչից, ի դեպ, կարող էր օգտվել նաեւ մրցակից թեկնածուն:

Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը անուշադրության է մատնել օրենսդրական կարեւորագույն նորմն առ այն, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը սահմանել է կարեւոր բացառություն, այն է` «սույն օրենքը /այսինքն Գովազդի մասին» ՀՀ օրենքը/ չի կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները»: Սա նկատի ունենալով` ընկալելի է, որ գովազդի հետ կապված ցանկացած կարգավորում, որը զետեղված է վերը նշված օրենքում, վերաբերելի չէ քաղաքական գովազդին, ասել է, թե` տվյալ դեպքում քարոզչական պաստառներին: Վճարովի տեղերում /101.18 ք/մ / քարոզչական պաստառներ տեղադրելու համար թեկնածուի նախընտրական հիմնադրամից վճարվել է ոչ թե 50 000 դրամ, ինչպես պնդում է թեկնածու Վ. Կարապետյանի շտաբը, այլ` 256.400 ՀՀ դրամ: Տարրական թվաբանական գիտելիքները նույնիսկ բավարար են` հասկանալու, թե Սամվել Ֆարմանյանի նախընտրական հիմնադրամից ինչքան է վճարվել 101.18 ք/մ ծավալով վճարովի տեղերում քարոզչական պաստառների տեղադրման համար եւ ինչքան է կազմում 1 ք/մ –ի համար վճարված գումարը (ի դեպ, թեկնածու Սամվել Ֆարմանյանի պաշտոնական կայքէջի` www.farmanyan.am, համապատասխան բաժնում ներկայացված է մանրամասն ֆինանսական հաշվետվություն ինչպես նախընտրական հիմնադրամ մուտք արված միջոցների, դրանց աղբյուրների, այնպես էլ կատարված ծախսերի վերաբերյալ: Ընդ որում, նույն հայտարարագիրը ներկայացվել է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, որտեղից եւս Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը կարող էր ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը):

Մյուս կողմից, ինչպես արդեն բացատրվել է նախորդ հաղորդագրությունում, ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում մատնանշված քարոզչական պաստառի մակերեսի սահմանափակումը վերաբերում է համապետական եւ Երեւանի ավագանու ընտրություններին: Տվյալ դեպքում, համապետական են համարվում Հանրապետության նախագահի եւ ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունները: Ստացվում է, որ, չընկալելով համապետական ընտրությունների տարբերակումը, Վ. Կարապետյանի վստահված անձը դիմում է ներկայացնում ԸԸՀ, որը, առավել մանրամասն քննարկելով դիմումը, առարկայական եւ բովանդակային առումով հանգել է այն եզրակացության /որոշման/, որ Վ. Կարապետյանի վստահված անձի դիմումը ենթակա է մերժման: Նշված դիմումի ինչպես քննարկման, այնպես էլ դրա արդյունքում ընդունված որոշման անմիջապես ականատեսն ու լսողը հանդիսացել է Վ. Կարապետյանի վստահված անձ Պ. Հովակիմյանը: Ավելին. որոշումը փակցվել է թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրում: Վ. Կարապետյանի վստահված անձն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կարող էր այն բողոքարկել, որը չի արել ու օրենքով սահմանված ժամկետի բաց թողումից հետո դիմել է դատական պաշտպանության իրավունքին` այս անգամ եւս հաշվի չառնելով նորմատիվ իրավական ակտի իմպերատիվ պահանջը:

Այսպիսով, ակնհայտ է, որ Վ. Կարապետյանի նախընտրական շտաբի կողմից մատնանշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված է եւ իր հիմքում չունի որեւէ թույլատրելի կամ վերաբերելի հիմնավորում: Առավել քան ակնհայտ է, որ նման գործելաոճը նպատակ ունի հասու բոլոր միջոցներով հասարակության եւ ընտրողների ուշադրությունը շեղել մեծ հնչեղություն ստացած` մայրաքաղաքի Բագրեւանդ թաղամասում գտնվող իր եռահարկ առանձնատան, ինչպես նաեւ անձնական սեփականությունը հանդիսացող շարժական ու անշարժ գույքային տպավորիչ կազմի ձեռքբերման աղբյուրների` ընտրողների ծանոթանալու հնարավորություն ընձեռելու պահանջից:

Նման իրավիճակում, հակառակորդ թեկնածուի եւ նրա շտաբի կողմից ձեռնարկված ակտիվ «քարոզչական» վարքագիծն ու «դիմում-բողոքային» գործելաոճը դուրս է գալիս հավասար մրցակցություն ապահովելու տրամաբանական սահմաններից եւ սահուն կերպով վերածվում զրպարտության ու բացահայտ հերյուրանքի, ինչը եւս իրավական գնահատականի ենթակա հարց է, որին թեկնածու Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբը չի անդրադառնում` ելնելով քարոզչության մնացյալ ժամանակահատվածը երկուստեք առավել արդյունավետ օգտագործելու նպատակահարմարությունից»: