Հայաստանի եւ Արցախի թվով 20 դպրոցներ կհամալրվեն «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթներով, որոնք այսօր համապատասխան դպրոցների տնօրեններին է հանձնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այսօր մեկնարկում է հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության եւս մեկ նորարարական բեկումնային ծրագիր: Երկու տարի առաջ կառավարության հավանությանն էր արժանացել հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման վերաբերյալ որոշումը, եւ ընտրությունը կանգ է առել կանադական աշխարհահռչակ «Լոգո միկրոաշխարհներ» ծրագրի վրա, որը հաջողությամբ օգտագործվում է տասնյակ երկրներում: Վերոնշյալ ծրագիրն աշակերտների մոտ կխթանի նորարարական, ստեղծագործական մոտեցումները, կձեւավորի տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների նոր մակարդակ, ինչպես նաեւ ինքնուսուցման եղանակով հստակ արդյունքների հասնելու ձգտումը»,-նշել է նախարարը` հավելելով, որ մոտ ապագայում ծրագիրը կներդրվի բոլոր հանրակրթական դպրոցներում:
Համաձայն ՀՀ կառավարության «Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման վերաբերյալ» որոշման՝ մինչեւ 2014 թվականը պետք է թարգմանել «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ուսուցողական միջավայրը, կատարել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի լրամշակում, մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաեւ կանադական LCSI կազմակերպությունից գնել համապատասխան լիցենզիա եւ փուլ առ փուլ ներդնել ՀՀ եւ Սփյուռքի դպրոցներում: Վերջին չորս տարիների ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Քվանտ» վարժարանի կողմից այդ ուղղությամբ կատարվել է հսկայածավալ աշխատանք, եւ այսօր ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացումն արդեն ավարտական փուլում է: Կատարվել են «Լոգո միկրոաշխարհներ» ուսուցողական միջավայրի եւ համապատասխան ձեռնարկների թարգմանությունները, ստեղծվել է ուսուցչի ձեռնարկ, ստեղծվել են ֆիզիկայի եւ մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիաներ, վերապատրաստվել են շուրջ 30 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներ, «Լոգո միկրոաշխարհներ» հայալեզու միջավայրը փորձարկվել է 5 դպրոցում: Գործընթացը լուսաբանելու եւ նրա թափանցիկություւնը ապահովելու համար ստեղծվել է www.armlogo.am կայքը: Այսօր արդեն որոշ կազմակերպությունների եւ անհատների հովանավորությամբ Հայաստանի ու Արցախի 20 դպրոցների համար ձեռք է բերվել համապատասխան լիցենզիա:
«Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն եւ ծրագրավորման լայն հնարավորություններ: Հայաստանի դպրոցների աշակերտներն առաջին անգամ հնարավորություն կունենան մայրենի լեզվով գրելով ծրագրավորման հրահանգները՝ ստեղծել համակարգչային ծրագրեր, ինչը, համաձայն կատարված փորձարկումների արդյունքների, կարող է բերել ՏՏ ոլորտով հետաքրքրվող աշակերտների թվի կտրուկ աճի եւ դառնալ հիմնաքար` ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրի տեղայնացված տարբերակը Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն` աշխարհի տարբեր ծայրերում գտնվող Սփյուռքի հայկական դպրոցների՝ իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն:




























