Կիեւյան կամրջից հոկտեմբերի 27-ին ցած նետված Երեւանի Ավան վարչական շրջանի բնակչուհի 28-ամյա  Յանա Մ.-ի ինքնասպանության փաստով Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործը կարճվել է 2012թ ապրիլի 25-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Քրգործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով: Քրեական դատավարության օրենասգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1 կետի հատկանիշներով (բացակայում է հանցագործության դեպքը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով`  Յանան ավարտել է Սլավոնական համալսարանը, սովորում էր Ամերիկյան համալսարանի Բիզնես մենեջմենթ ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Յանան ընտանիքի միակ զավակն էր, ապրում էր մոր հետ, հայրը մահացել էր: Ուսանողուհին նաեւ աշխատում էր, ուներ սեփական մեքենա: Համալսարանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Յանան մարդամոտ չի եղել, շատ չի շփվել:

Ասում են, թե աղջիկն ընկեր ուներ, ով «գողական» միջավայրից էր: Շրջանառվող լուրերի համաձայն` աղջիկը ինքնասպանություն էր գործել «սիրած տղայի» պատճառով: Նրա`  Կիեւյան կամրջից նետվելու օրը, տեսել են, թե ինչպես է նա դուրս գալիս Ամերիկյան համալսարանից: Ականատեսների խոսքով` Յանան հեռախոսով խոսում էր, մեկ էլ առանց պայուսակը վերցնելու, շփոթված եւ շտապողաբար դուրս է եկել համալսարանից, նստել իր մեքենան եւ գնացել: Դրանից ժամեր անց աղջիկն ինքնասպանություն էր գործել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 15:35-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել մի երիտասարդ աղջիկ եւ տեղում մահացել: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարամեդիկներով եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ինքնասպան է եղել Երեւանի բնակչուհի, 28-ամյա Յանա Մ.-ն: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու կապակցությամբ, տարվում է քննություն, ճշտվում են բոլոր վարկածները: