Արմավիրի մարզի Այգեշատի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչ կանանց վիրավորել է` մեքենայից բղավելով, թե «ճղեք» այստեղից: Ռոբերտ Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր քայլը պատճառաբանեց նրանով, իբր, կարծել է, որ այդ կանայք «Եհովայի վկաներ» են: Իսկ մինչ այդ արձագանքեց. «Ես իրենց ասել եմ, առանց Հակոբ Հակոբյանի իրավունք չունեք գալ քարոզարշավի: Եթե եկել եք էլ, ժողովուրդը Հակոբ Հակոբյանին չի ճանաչում, լավ  կլինի գնաք եւ Հակոբ Հակոբյանի հետ գաք»:

Դիտարկմանը, թե օրենքով արգելված չէ առանց թեկնածուի քարոզչություն իրականացնելը, նա ավելացրեց. «Հիմա դուք ինձ լսեք` մենք ինչ-իմանանք իրանք ՀՀԿ-ից են, ԲՀԿ-ից, Հակոբ Հակոբյանից են, թե որտեղից են, երբ «պռոստը տակ» են եկել: Ոչ թուղթ են ցույց տալիս, ոչ բան, մենք էլ գիտենք «Եհովայի վկաներն» են եկել: Ինչի՞ մասին է խոսքը»:

Հարցին, թե որքանո՞վ է կոռեկտ կանանց հետ զրույցում «ճղեք» արտահայտություն թույլ տալ, գյուղապետը պատասխանեց. «Ձեր ասածն ի՞նչ ա, կանայք են եղել, թե` չէ՞: Ուրեմն էս գյուղերը անտեր չեն, ունեն գյուղապետեր, թող գան գյուղապետից թույլտվություն հարցնեն գյուղապետն էլ որոշի իրենց տեղ տա, թե` չէ: Ես ոստիկանությունում էլ եմ այս ամենը ասել»: Իսկ ՀՀԿ թեկնածու Սեդրակ Սարոյանի կողմնակիցների հետ է՞լ է նույն կերպ վարվում, հարցին էլ արձագանքեց. «Սեդրակ Սարոյանի կողմնակիցները եկել են շատ հավեսով, ելույթ են ունեցել ու գնացել»: Նա չասաց, թե Սեդրակ Սարոյանի հետ ինչ հարաբերությունների մեջ է, բայց նշեց, որ ՀՀԿ-ի կողմնակից է: Հարկ է նաեւ նկատել, որ թե Հակոբ Հակոբյանը, թե Սեդրակ Սարոյանը ՀՀԿ-ական են, սակայն ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում պաշտպանում է Սեդրակ Սարոյանի թեկնածությունը:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Հակոբ Հակոբյանի հետ, ով անդրադառնալով այդ միջադեպին, ասաց. «Դուք գրեք, որ էտ գյուղապետը չափից ավելի անասուն ա, որ չի հասկանում, որ կանանց հետ չի կարելի նման կերպ վարվել: Եվ, որ ինքը իր վրա շատ շատ բան ա վերցրել եւ իր վերցրածը վաղը մյուս օրը կարող ա դառնա էլեկտրոդ»:

Հակոբ Հակոբյանն ասաց, որ դիմել է Էջմիածնի ոստիկանություն, միաժամանակ նկատեց, որ ոստիկանությունը փորձում է այդ հաղորդումը «ծածկադմբոց» անել, իբր, թե նման բան չի եղել: Սակայն առայժմ դեռ նյութեր են նախապատրաստվում:

Ի դեպ, Հակոբ Հակոբյանից տեղեկացանք, որ գյուղապետը Սեդրակ Սարոյանի նախկին թիկնապահներից մեկն է ու հիմա էլ շարունակում է ծառայել նրան:

Նշենք, որ թիվ 19 ընտրատարածքում թեկնածուներ են առաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը` «Ճոյտ» (ինքնաառաջադրում), Սեդրակ Սարոյանը (ՀՀԿ), անկուսակցականներ Սագիս Քոչարյանը, Հակոբ Վարշամի Հակոբյանը: