Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին 3 տարվա ազատազրկման է դատապարտել ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նախկին անդամ, Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը ձերբակալվել է 2009թ. սեպտեմբերի 22-ին, մի քաղաքացուց նրա որդուն հեռակա բաժին ընդունելու համար 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար:
Արմեն ճուղուրյանը դատավարության ժամանակ ընդունել էր իր մեղքը եւ խնդրել մեղմ վարվել իր նկատմամբ, քանի որ խնամքին անչափահաս երեխա եւ հաշմանդամ կին ունի, սակայն մեղադրող Արամ Ամիրզադյանը նրա համար 4 տարվա ազատազրկում էր պահանջել:
Ճուղուրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հավանաբար կբողոքարկեն դատարանի վճիռը, քանի որ Ճուղուրյանի նկատմամբ շատ խիստ վճիռ է կայացվել, թեեւ գործում կան մեղամացուցիչ շատ հանգամանքներ:



























