«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ սպանված 10 քաղաքացիների ընտանիքներին, հարյուրավոր վիրավորներին:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Այսօր դեկտեմբերի 10-ն է, եւ ողջ առաջադեմ մարդկությունը նշում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօրվա խորհուրդը պարտավորեցնում է ոչ միայն ավելի գոտեպնդվել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեր ջանքերում, այլեւ վերհիշել այն մարդկանց, ովքեր նահատակվել կամ տուժել են իրավունքի ու օրինականության համար պայքարում: Այդպիսիններից էին նաեւ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում սպանված մեր 10 համաքաղացիները: Նրանցից շատերը ընդվզում էին հանուն իրենց եւ մեր իրավունքների, ընդդեմ կեղծված նախագահական ընտրությունների, իսկ մարտի 1-ին` Ազատության եւ Մյասնիկյանի արձանին հարող հրապարակներում իրավունքի իշխանության համար, ընդդեմ համաժողովրդական պայքարն ահաբեկելուն ուղղված հրոսակախմբերի գործողությունների: Պետության բիրտ ուժի թիրախ դարձան բոլոր այն մարդիկ, ովքեր այդ պահին հայտնվել էին Երեւանի այդ տարածքում եւ հատուցեցին կամ կյանքով, կամ առողջությամբ, կամ ազատությամբ»:
Կուսակցությունը նաեւ նշում է, որ չնայած Փաստահավաք խմբում «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ջանքերին` ուղղված այդ հանցագործության լիարժեք բացահայտմանը, «խմբի ապօրինի ու միտումնավոր լուծարումն ու հանցագործությունը կոծկելու իշխանության բացահայտ քայլերը տակավին խոչընդոտ են մնում հասարակությանը հուզող հիմնական հարցերի պատասխանը ստանալու համար»:
«Այդուհանդերձ, իբրեւ եղելության լիարժեք բացահայտման հետեւողական ջատագով` Ժառանգությունը հայտարարում է, որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ վաղ թե ուշ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության են կանչվելու»,- նկատում են հայտարարության հեղինակները:




























