Հայաստանում կնոջ ծեծն ընդունելի երևույթ չէ: Այդ են ցույց տալիս Հայաստանի Ժողովրդագրության եւ Առողջության հարցերի Հետազոտության արդյունքները, որը հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ հարցումների` կանանց 9 տոկոսն իրավացի է համարել ամուսնուն, եթե նա հատուկ իրավիճակներում ծեծում է կնոջը: Կանայք առավելապես արդարացի են համարել ամուսնուն, եթե վերջինս ծեծում է կնոջը` երեխաներին անուշադրության մատնելու պատճառով  (7 տոկոս): Տղամարդիկ առավել հակված են կնոջ ծեծն արդարացի համարելուն: Նրանց 20 տոկոսը արդարացրել է ամուսնու կողմից կնոջ ծեծը: Համաձայն տղամարդկանց, կնոջ ծեծի համար կարող է պատճառ հանդիսանալ ամուսնուն հակաճառելու հանգամանքը (17 տոկոս), ինչպես նաեւ երեխաներին անուշադրության մատնելու փաստը (13 տոկոս):

Կանանց 80 տոկոսից ավելին նշել է, որ իրավունք ունի մերժել ամուսնուն ունենալ սեռական հարաբերություն, եթե տեղյակ է, որ ամուսինը սեռական հարաբերություններ ունի այլ կանանց հետ կամ կրում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակ: Ի հակառակ նշվածի, տղամարդկանց միայն  55 տոկոսն է համարում, որ կինն իրավասու է մերժել ամուսնուն ունենալ սեռական հարաբերություն, եթե տեղյակ է նրա սեռական կապի մասին` այլ կանանց հետ: