Թերթը գրում է, որ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ կրկին մերժեց նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմումները, որով վերջիններս, ներկայացնելով բավարար ապացույցներ, հանձնաժողովից պահանջում էին դիմել դատարան եւ ուժը կորցրած ճանաչել նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի գրանցումը:

«Հիշեցնենք, որ օրեր առաջ թիվ 7 ԸԸՀ-ն արդեն մի նույնաբովանդակ որոշում կայացրել էր, որը Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին բողոքարկեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: ԿԸՀ-ն վերացրեց թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝  Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Հովակիմյանի դիմումը մերժելու մասին որոշումը, պարտավորեցնելով մեկօրյա ժամկետում կրկին նիստ հրավիրել եւ քննել Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Հովակիմյանի բողոքը:

Բայց, փաստորեն, Փաշինյանի կանխատեսումը, որ կարուսելի տարբերակով իրենց պտտեցնելու են ԸԸՀ-ԿԸՀ օղակով, իրականացավ: Թիվ 7 ԸԸՀ-ի երեկվա մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այդ որոշումը բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իսկ մինչ այդ նա ԸԸՀ երեկվա նիստը զավեշտ համարեց, քանի որ հանձնաժողովն իրավիճակին ու օրենքներին չի տիրապետում եւ ընդամենը հրահանգ է կատարում:

«Իրենք ոչ թե վարչական վարույթ են իրականացնում, որ որոշում կայացնեն, այլ իրենք սեյֆում պահած որոշում ունեն եւ ուզում են այդ վարչական վարույթն այնպես ծռեն, դզեն-փչեն, որ հարմարեցնեն իրենց որոշմանը: Այս դեպքում դա չի ստացվի, քանի որ մենք ունենք անհերքելի փաստեր, որոնք այս վարույթի ընթացքում որեւէ ձեւով չհերքվեցին ու հակափաստարկներ չներկայացվեցին: Հետեւաբար դա նշանակում է, որ հանձնաժողովը պետք է որոշում կայացնի դիմել դատարան եւ ուժը կորցրած ճանաչել Սամվել Ալեքսանյանի գրանցումը»,- նիստի ավարտից հետո ասաց Փաշինյանը եւ հանձնաժողովի անդամներին զգուշացրեց չանցնել սահմանը:

 «Կա մի սահման, որից հետո սկսում է գործել Քրեական օրենսգիրքը: Ես խորհուրդ եմ տալիս չանցնել այդ սահմանը»: Փաստորեն, թիվ 7 ԸԸՀ-ն, որի անդամները հլու-հնազանդ ծառայում են Սամվել Ալեքսանյանին, կոպիտ ասած՝ թքած ունի իրենից վերադաս հանձնաժողովի՝ ԿԸՀ որոշման վրա,- գրում է «Հրապարակը»: