Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Գերմանիայի Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են NEWS.am-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Քլիմկեին (Jurgen Klimke) եւ Մանֆրեդ Գրունդին (Manfred Grund) նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը զգալիորեն ընդլայնվել է: Նախարարը կարեւորել է վերջերս Երեւանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը եւ հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Կողմերը քննարկել են հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանում ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Քլիմկեն (Jurgen Klimke) եւ Մանֆրեդ Գրունդը (Manfred Grund), Հայաստանում են գտնվում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու կապակցությամբ։



























