Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 11-ին ավարտվեց Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատաքննությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը Բանուչյանին դատապարտեց երեք տարվա ազատազրկման, միաժամանակ նրա նկատմամբ համաներում կիրառեց՝Բանուչյանին ազատելով պատժի կրումից: Բացի այդ, Բանուչյանից` իր իսկ հիմնած հիմնադրամի օգտին բռնագանձվելու է մոտ 2,5 մլն դրամ:
Արշակ Բանուչյանը լրագրողներին հայտնեց, որ մտադիր է բողոքարկել դատավճիռը, քանի որ այն անհիմն է եւ ապօրինի:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Արշակ Բանուչյանի համար 4,5 տարվա ազատազրկում է պահանջել: Արշակ Բանուչյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվել եւ շուրջ 4 ամիս պահվել է բանտում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով: Նախաքննական մարմինը, սակայն ստիպված էր ազատ արձակել Բանուչյանին՝ չկարողանալով ապացուցել նրա մեղքը, սակայն նրա դեմ 2008թ. հուլիսին կրկին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 179 (Վատնում) եւ 205 հոդվածի (Հարկերից խուսափում) հոդվածներով, իբր հարկեր չի վճարել Մատենադարանի բացիկների համար: Բանուչյանի հետ նույն գործով մեղադրվում էին Մատենադարանի երկու աշխատակիցներ, որոնց դատարանն ազատ արձակեց համաներմամբ, իսկ Բանուչյանը հրաժարվել էր համաներումից՝ պահանջելով իրեն արդարացնել ամբողջությամբ:




























