ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի նամակին, որում պարզաբանում էր պահանջվում «քվեախցիկում ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու օրինականության» վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀԱԿ-ից:

Պատասխանում նշված է. «… Վերոնշյալ իրավանորմերի հաշվառմամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրողը չի կարող իր կողմից քվեարկած քվեաթերթիկը լուսանկարահանել (տեսանկարահանել), քանի որ այդ գործողություններով կարող է խախտվել ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված քվեարկության գաղտնիության սկզբունքը»:

Հայաստանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:

Խորհրդարանը ձեւավորվում է ընտրական խառը համակարգով`  90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական կարգով:

Այս խորհրդարանական ընտրություններին քաղաքական 8 կուսակցություններ են մասնակցում` Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունները եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը: